Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդավար Լյուսի Քոչարյանի գրառումը, որում նա ՀԱԵ հետևորդներին համեմատում է թմրամոլների հետ, հետո էլ «պարզաբանում» է, որ ինքը դա «որպես աթեիստ» է ասում, ԻմՀԿ, ատելության խոսքի դասագրքային օրինակ է։
Եթե նման մի բան գրեր որևէ ընդդիմադիր, վստահ եղեք, որ քննիչներն ու դատախազները միանգամից կհիշեին, որ գոյություն ունի քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը, ու կանցնեին գործի։ Իսկ իր հիմնարկի ղեկավարները միանգամից կառաջարկեին իրեն ազատման դիմում գրել (ինչպես լինում է, օրինակ՝ երբ պետական հիմնարկի աշխատողը համարձակվում է ի աջակցություն Եկեղեցուն գրառում լայքել)։
Բայց չեմ կարծում, որ Լյուսիի համար այդ գրառումը որևէ լուրջ հետևանք կունենա։ Գուցե նույնիսկ կարիերայի աճ արձանագրի...
Որովհետև ի տարբերություն ընդդիմադիրների, որոնց ամեն գրառում խոշորացույցով ուսումնասիրում են քննիչները, դատախազները ու լիքը ազատ ժամանակ ունեցող ՔՊ-ական պաշտոնյաները, 29 հազար ընթերցող ունեցող Լյուսին նաև չի մոռանում ժամանակ առ ժամանակ նիկոլենց ռևերանսներ անել։
Օրինակ՝ հիշեցնել իր ընթերցողներին, որ թեպետ «զզվում է բոլորից ու չի գնալու ընտրությունների, բայց օք է, որ ՔՊ-ն ընտրվի»։
Էլ չասեմ, որ ընտրություններին չգնալու կոչերն էլ են Նիկոլի շահերից բխում։
Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ
Հ.Գ.1
Չեմ կարծում նաև, որ Լյուսիի հասցեին որևէ թթու խոսք լսենք Դանչոյից և նիկոլապահ մյուս «իրավապաշտպաններից», ինչպես նաև «Ֆակտորից», «Սիվիլնետի» ֆակտչեքերներից և մյուս «անաչառներից»։
Հ.Գ.2
Մի կարևոր հավելում էլ. ես չեմ համարում, որ ճիշտ է նույնիսկ ատելության խոսքը քրեորեն հետապնդելը, որովհետև շատ մեծ է հավանականությունը, որ այդ հոդվածը ցանկացած իշխանության ձեռքում մահակ կդառնա։ Ու եթե հիշողությունս չի դավաճանում, հենց «սորոսականներն» էին այդ հոդվածը բերել քրեական օրենսգիրք: